Մայիսի 5

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԻԱՑ-ՆԵՄԸ

Կար չկար աշխարհում մի աղքատ հրաշագործ կար… Երևի արդեն զարմացա՞ք.
հրաշագործ ու հանկարծ՝ աղքատ: Սովորաբար հեքիաթներում այդ երկու բառերը երբեք իրար
հետ չեն հանդիպում: Բայց նա, թեև ամենաիսկական հրաշագործ էր, այնուամենայնիվ, շատ
աղքատ էր: Որովհետև վաղուց արդեն կորցրել էր իր բոլոր հաճախորդներին:
– Մի՞թե, — հուսալքված մտածում էր նա,- ես այլևս ոչ մեկին պետք չեմ։ Ախր առաջ ես
այնքա՜ն պատվիրատու ունեի, որ հազիվ էի հասցնում կատարել նրանց խնդրանքները: Մեկին
մի բան էր պետք լինում, մեկին՝ մի ուրիշ։ Բայց չէ՞ որ ես, գլուխ գովել չլինի, իմ գործը լավ գիտեմ:
Թերևս պետք է թափառել աշխարհով մեկ ու տեսնել, թե ինչ է պատահել։ Գուցե ինձնից ավելի
լավ մի հրաշագո՞րծ է հայտնվել։ Պետք է ծանոթանալ նրա հետ…
Ասելն ու անելը մեկ եղավ: Հրաշագործը վերցրեց իր թանկարժեք գործիքները՝
կախարդական փայտիկը, կախարդանքների գիրքը, հրաշագործ փոշիները, և ճանապարհ
ընկավ: Գնա՜ց, գնաց ամբողջ օրը, վերջապես երեկոյան հասավ ինչ-որ տնակի: Թակեց դուռը՝
թը՛խկ-թը՛խկ։
– Ո՞վ է։
– Բարեկամ է, տիկին, բարեկամ:
– Ա՛յ թե լավ է։ Համեցե՛ք ներս։ Բարեկամները հազվադեպ են ինձ այցելում: Նստե՛ք։ Ի՞նչ
հյուրասիրեմ: Ինչո՚՞վ կարող եմ օգտակար լինել։
– Ի՞նձ եք առաջարկում։ Ո՛չ, տիկի՛ն, շնորհակալ եմ։ Մի՛ անհանգստացեք։ Ինձ ոչինչ
հարկավոր չէ։ Գուցե ես ի՞նքս կարող եմ ձեզ ինչ-որ բանով օգտակար լինել: Գիտեք, չէ՞ որ ես
հրաշագործ եմ: Իմ անունն է Միաց-Նեմ:
–Հրաշագո՞րծ։ Ի՜նչ հետաքրքիր է։
52
– Այո՛, հրաշագործ: Տեսնո՞ւմ եք այս փայտիկը։ Տեսքից հասարակ է թվում, բայց իրականում
կախարդական է։ Բավական է ասեմ երկու բառ, որոնք ինձանից բացի ոչ ոք չգիտի, և երկնքից մի
աստղ կիջնի, որ կլուսավորի ձեր տունը…
Այստեղ տիկինն ընդհատեց նրան.
– Վա՜յ, ի դեպ, հիմա լույսը կմիացնեմ։ Գիտեք, մտքերի մեջ էի ընկել և չնկատեցի, թե
ինչպես մթնեց։ Ներեցե՛ք, խնդրում եմ։ Հիմա ամեն ինչ կարգին է: Ուրեմն ի՞նչ էիք ասում լույսի
մասին:
Բայց հրաշագործն այնքան էր զարմացել, որ մի խոսք անգամ չէր կարողանում ասել։ Նա
զարմանքից բերանը բաց այնպես էր նայում լամպին, կարծես ուզում էր կուլ տար:
– Բայց… Ինչպե՞ս արեցիք դա, տիկի՛ն:
– Ի՞նչը։ Հա՜, լո՞ւյսը։ Պարզապես միացրեցի, և լամպը վառվեց: Շատ լավ բան է
էլեկտրականությունը։
Հրաշագործ Միաց-Նեմը մտքում պահեց այդ նոր բառը՝ «էլեկտրականություն»: «Ահա թե
ինչ,- մտածեց նա,- ուրեմն սա է այն հրաշագործի անունը, որն ուժեղ է ինձնից»:
Այնուհետ նա համարձակվեց շարունակել խոսակցությունը:
– Ես ասացի, տիկի՛ն, որ հրաշագործ եմ, և կարող եմ անել ամենաանհավանական
հրաշքները: Օրինակ, բավական է մի պտղունց այս փոշուց լցնեմ ջրով բաժակի մեջ, և դուք կլսեք
այն մարդու ձայնը, որը գտնվում է այստեղից շատ հեռու։
– Վա՜յ,- նորից ընդհատեց նրան տիկինը,- դուք ինձ հիշեցրիք, որ պիտի փականագործին
զանգահարեմ։ Ներեցե՛ք, խնդրում եմ։ Ահա համարը … Ալլո՞, փականագո՞րծն է։ Չէի՞ք կարող
վաղը գալ իմ տուն և նորոգել խոհանոցի ծորակը: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Հաջողություն։
Ահա, ամեն ինչ կարգին է։
Հրաշագործ Միաց-Նեմը զարմանքից համրացել էր և չկարողացավ անմիջապես խոսել:
– Տիկի՛ն, բայց ո՞ւմ հետ էիք նոր խոսում:
– Փականագործի, չէ՞ որ լսեցիք։ Շատ հարմար բան է հեռախոսը:
Հրաշագործը նորից մտքում նշեց. «Էլի մի հրաշագործ, որի մասին երբեք չէի լսել։ Տես, է՜,
ինչպիսի մրցակիցներ ունեմ…» Այնուհետև ասաց.
– Լսե՛ք , տիկի՛ն, իսկ գուցե կցանկանայիք տեսնել ինչ-որ մեկին, որը հիմա շատ հեռու է
գտնվում այստեղից: Պարզապես ասացե՛ք։ Ես մի ուրիշ կախարդական փոշի էլ ունեմ, որի
օգնությամբ…
53
– Օ՜, տեր Աստված,– բացականչեց տիկինը՝ ընդհատելով նրան։- Ես այսօր այնքան ցրված
եմ։ Հիմա կմիացնեմ հեռուստացույցը։ Ես ախր ուզում էի դահուկորդների մրցումները դիտել:
Գիտե՞ք, տղաս լեռնադահուկային մարզաձևի չեմպիոն է։ Հիմա կմիացնեմ, գուցե դեռ
հասցնենք… Այո՛, տեսե՛ք, ի՜նչ լավ է։ Ա՛յ, սա իմ տղան է։ Սա, որի ձեռքը բոլորը սեղմում են։
Որեմն նա նորից հաղթեց։ Տեսե՛ք, ի՜նչ հրաշալի տղա է։ Իսկ ես քիչ էր մնում բաց թողնեի
հաղորդումը: Շնորհակալ եմ, որ հիշեցրիք ինձ…Դուք իսկապես հրաշագործ եք:
– Այո՛, տիկի՛ն,ես արդեն ասացի, որ իսկական հրաշագործ եմ: Իմ անունն է Միաց-Նեմ։
Ա՜խ, – բացականչեց տիկինը՝ չլսելով նրան: Ի՜նչ լավ բան է հեռուստացույցը։
Խեղճ հրաշագործը խնդրեց երկու անգամ կրկնել այդ արտահայտությունը, որպեսզի
կարողանա մտապահել նաև այս նոր բառը: Եվ մտածեց. «Եվս մի մրցակից։ Հիմա հասկանալի է,
թե ինչու է աշխատանքս քիչ, չէ՞ որ, շուրջբոլորն այսքան շատ տարբեր կախարդներ կան, և
բոլորն էլ իմ անվանն են արձագանքում…»։
Հետո նա նորից սկսեց համբերատար առաջարկել իր ծառայությունները.
– Եվ այսպես, լսե՛ք ինձ, տիկի՛ն։ Ինչպես արդեն ասացի, ես հռչակավոր և մեծ հրաշագործ
եմ։ Եկել եմ իմանամ, թե կարո՞ղ եմ, արդյոք, օգտակար լինել ձեզ: Ահա նայե՛ք. սա կախարդական
գիրք է, իսկ սա՝ կախարդական փայտիկ:
Առաջին ավարտ
Կարիք կա՞, արդյոք, բացատրել, որ այդ օրը հրաշագործ Միաց-Նեմը ոչ մի հրաշք չգործեց:
Աշխարհը շատ էր փոխվել այն պահից ի վեր , երբ նա վերջին անգամ ճամփորդել էր նրա շուրջ:
Էլեկտրական լամպից, հեռախոսից և հեռուստացույցից հետո խեղճ հրաշագործն էլի
հարյուրավոր ուրիշ հրաշքներ հայտնաբերեց, որոնց վրա առաջ հազարավոր հրաշագործներ
կչարչարվեին։ Իսկ հիմա այդ հրաշքները հայտնվել են հասարակ մարդկանց իշխանության
տակ, որոնք կառավարում են դրանք. պարզապես միացնում են՝ սեղմելով կոճակը:
Հրաշագործը որոշեց հասկանալ, թե ինչպես է կառուցված այս աշխարհը, և մի ամբողջ
կապոց թերթ գնեց: Թերթերից իմացավ, որ Երկրագնդի վրա շատ վայրեր կան, որտեղ իր
մրցակիցները դեռ չեն հասել, ամեն տեղ չէ, որ կա էլեկտրականություն, հեռախոս,
հեռուստացույց և տարբեր այլ հարմարանքներ։ Եվ աշխարհում շատ մարդիկ կան, որոնք
գումար չունեն՝ ժամանակակից այդ հրաշքները գնելու համար:
«Շատ լավ է, – մտածեց հրաշագործը՝ շփելով ձեռքերը, որոնցից կայծեր ցայտեցին: Կգնամ
այնտեղ, որտեղ դեռ շատ աշխատանք կա ինձ համար։ Եվ այնտեղ պիտի որ դեռ հարգեն ծեր,
բարի հրաշագործներին։


Posted 5 Մայիսի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Իմ մեդիագրադարանը

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*