Նոյեմբերի 7

«Կարդում ենք Իսահակյան»

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Ու նայում է լուռ
Վազող ջրերին: 

Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռին շատ տխուր էր։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Գետակը խորհրդանշում է անցնող կյանքը

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը գետակի և ուռենու մասինէ։ Գետակի ջրերը մեկ լուռ, մեկ ուրախ հոսում են, իսկ ուռին տխուր լացում էր անցնող կյանքի համար։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Իմ երազ աշխարհում բոլորը բարի են։

Գետի ուրախ ջրերը քչքչալով հոսում են դեպի լիճը։

Լացող ուռենին ճյուղերը խոնարհել էր գետակի վրա։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Չնայած, որ բանաստեղծության մեջ գետի ջրերը ուրախ գալիս ու գնում էին, այն ինձ տխրեցրեց, քանի որ ուռին լացում էր։

 

ԵՐՋԱՆԻԿ ԽՐՃԻԹԸ

Stream Երջանիկ խրճիթը by Flora | Listen online for free on SoundCloud

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։

Ջրաղացն անուշ մտմտալով,ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…

Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում։

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

Շավիղը-ուղի

մանուկ-երեխա

շքեղ-ճոխ

չքանալ-անհետանալ

հարուստ-ունևոր

վերջալույս-արևամուտ

մարմանդ-դանդաղ, թույլ

ալևոր-ծեր

  1. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։

թևին տալ-թռչել

ներս ընկնել-մտնել

լաց լինել-լացել

թիկն տալ-թիկնել

  1. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

  1. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

  1. Նկարագրի՛ր խրճիթը։

Խրճիթը հին էր։

  1. Բնութագրի՛ր տղային։

Տղան շնորհալի երիտասարդ էր։

  1. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

  1. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։

<<Տանից լավ տեղ չկա>>։

  1. Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։

Այս պատմվածքները և՛ նման են, և՛ տարբեր։ Այս ստեղծագործության մեջ տղան պատահաբար է կորեւմ, իսկ <<Ամենից լավ տունը>> բանաստեղխության մեջ գլխավոր հերոսը իր կամքով է գնում։ Բայց երկուսն էլ կարոտում են իրենց տունը և երջանկանում են, երբ վերադառնում։ 

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:երադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

  • Իսկ հետո ի՞նչ եղավ․․․
  • Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

 Եվ իսկապես, մինչև պատգամավորները հասան Նուկիմ քաղաք, ամառը եկել էր։ Նուկիմցիները մեծ ուրախությամբ դիմավորեցին պատգամավորներին։ Բայց Նուկիմցիների ուրախությունը երկար չտեվեց, քանի որ նորից երկու ձմեռ մեկ ամառ եղավ։ Նուկիմցիների մեջ վեջապես մի խելացի մարդ հայտնվեց և բացատրեց, որ թագավորը կապ չունի եղանակի հետ։ 

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

ափ է առնում-հավաքվում 

խորհրդի են նստում-Խորհրդակցել

Վար է բերում-իջեցնել

գլուխ են տալիս- խոնահվել

վրա են պրծնում.- հարձակվել

  • Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, դռնապանը, գանձապահ։

  • Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները շատ միամիտ էին և անգրագետ։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

  • Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը խելացի էր ու իմաստուն։

  • Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

  • Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նուկիմ քաղաքը աշխարհից կտրված է, շուկաներում վաճառում էին միայն այն, ինչ իրենք էին աճեցնում։ դպրոցներ չկային, ինչի պատճառով նրանք անգրագետ էին մնում։ Տները պատրաստված էին հարդից, իսկ փողոցները նեղլիկ էին։

  • Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմցիներին առաջին հերթին խորհուրդ կտամ դպրոցներ բացել ու կրթվել, շատ ճամփորդել ու աշխարհ տեսնել։

  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ պետք է ուշադիր լինել, զգոն և իհարկե գրագետ։ 

  • Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Ես հեքիաթը կվերնագրեի «Անխելք նուկիմցիները»։

 


Posted 7 Նոյեմբերի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*